ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Այս պահի դրությամբ «Վալլեքս» խմբում դեռևս կրճատումներ չեն եղել»

«Այս պահի դրությամբ «Վալլեքս» խմբում դեռևս կրճատումներ չեն եղել»
25.11.2008 | 00:00

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՅՑ
Նոյեմբերի 22-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին Հայաստանի 8 պետական բուհերի շուրջ 100 ուսանողների ճանաչողական շրջայց և ուսանողական ծառատունկ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում, որին մասնակցեցին նաև Լոռու մարզի մի քանի տասնյակ երիտասարդներ։ ՈՒսանողների հիմնական մասը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրով հետաքրքրվում է՝ պատրաստվելով հանքարդյունաբերությանն առնչվող մասնագետ դառնալ։ Շրջայցին մասնակից ուսանողների մի մասն էլ բնապահպանական տարբեր շարժումների ներկայացուցիչներ են, որոնց առավել մտահոգում էին հանքարդյունաբերության բնապահպանական խնդիրները։
Շրջայցի հիմնական նպատակը ծառատունկն էր, որի նախաձեռնողն ու ֆինանսավորողը «Վալլեքս» խմբի ընկերություններն էին։ Մասնագիտական վերահսկողություն ապահովելու նպատակով միջոցառմանը մասնակցում էին նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետներ։ Տնկվեց մոտ 1500 հացենի և ընկուզենի։
Այս միջոցառմանը նախորդել էր «Վալլեքս» խմբի ԼՂՀ Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը շահագործող «Բեյզ մեթըլս» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ համալիրում ուսանողների ճանաչողական շրջայցը, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 26-28-ը։ ՈՒսանողները Դրմբոնի հանքահարստացուցիչ ֆաբրիկայի օրինակով արդեն որոշակի գաղափար ունեին, թե ինչ կառուցվածք ունի և ինչպես է գործում ժամանակակից հանքարդյունաբերական համալիրը։ Դա նրանց հնարավորություն էր տալիս ապագա արտադրահամալիրի տարածքը դիտելիս առարկայորեն պատկերացնել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի իրականացումը։ Շրջայցի կազմակերպիչների հավաստմամբ՝ աշխատանքային նախագծով Թեղուտում նախատեսվող արդյունաբերական համալիրը թե՛ տեխնոլոգիական հագեցվածության, թե՛ բնապահպանական նորմերի պահպանման տեսանկյունից չի զիջելու Դրմբոնի արտադրահամալիրին։
Հասարակական կարգով կազմակերպվող բնապահպանական այս միջոցառումներն իրականացվում են ի լրումն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ համաձայնեցված ծրագրով նախատեսվող անտառապատման աշխատանքների։
Ի դեպ, ուսանողները հետաքրքրվում էին, թե Թեղուտի շահագործումը բնապահպանական ինչ ներգործություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Ըստ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ՝ լեռնային արտադրության ոլորտի ցանկացած ձեռնարկություն ենթադրում է էկոհամակարգի վրա այս կամ այն չափի բացասական ազդեցություն։ «Մեր խնդիրն է, որպես ինժեներների, որպես շահագործողների, հնարավորին չափ օգտագործելով այսօրվա համաշխարհային լավագույն փորձը, այդ ազդեցությունը հասցնել նվազագույնի։ Եթե ձեզ որևէ մեկն ասի, թե հանք է շահագործում առանց էկոհամակարգին վնասելու, ստում է։ Ես չեմ պատրաստվում ստել»,- նշեց Ա. Մկրտումյանը։
Օգտվելով առիթից՝ փորձեցինք «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահից տեղեկանալ, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամն ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության, մասնավորապես՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների վրա։
-Ազդեցությունը, ինչպես և պետք էր սպասել, բավականին մեծ էր, և հանքարդյունաբերությունը երևի թե Հայաստանի տնտեսության առաջին ոլորտներից էր, որ իր վրա մեծ հարված ընդունեց,- նշեց պարոն Մկրտումյանը։- Եվ դա բացատրելի է, քանի որ մեր արտադրանքն իրացվում է միջազգային շուկայում։ Ստացվեց այնպես, որ մետաղների բորսային ամենափոքր տատանումներն իսկ ուղղակիորեն ազդեցին հայկական ձեռնարկությունների վրա։ Հետևանքներն արդեն ակնառու են. բանն այն է, որ գնանկումը տեղի ունեցավ շատ սրընթաց, ինչը նույնիսկ տեսականորեն անսպասելի էր։ Արդյունքում ունեցանք մի վիճակ, երբ արտադրական ծախսերը մնացին նույն մակարդակի վրա, իսկ արտադրված ապրանքի իրացման հասույթը գրեթե կրկնակի նվազեց։ Բնականաբար, դա պետք է բերեր խոր ճգնաժամի մեր ձեռնարկությունների ներքին խոհանոցում, ինչը և շատ արագ տեղի ունեցավ։ Հայաստանի 5-6 խոշոր հանքարտադրողներից այսօր 3-4-ը լուրջ խնդիրներ ունեն։ Այսօրվա դրությամբ, իմ տեղեկություններով, դեռևս երկու ձեռնարկություն (Քաջարանի ձեռնարկությունը և «Վալլեքս» խմբի «Բեյզ մեթըլսը») կարողանում են աշխատանքային կայուն վիճակ պահել։ Եվ դժվար է ասել, թե մոտ ապագայում կամ մի քանի ամսից ինչ վիճակ ենք ունենալու։
-Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատում մտահոգություն կա կրճատումների մասին։
-Մենք ստիպված էինք մի քանի օր առաջ Ալավերդու ստորգետնյա հանքավայրը կոնսերվացնել և մոտ 150 աշխատողների ոչ թե ազատել աշխատանքից, այլ տեղափոխել Դրմբոն, որտեղ 15-օրյա աշխատանքային ռեժիմով կմիանան «Բեյզ մեթըլսի» աշխատակիցներին։ Կփորձենք նաև լրացուցիչ ուժերի հաշվին մի փոքր արտադրողականությունն ավելացնել, այսինքն՝ ապահովել տնտեսավարման քիչ թե շատ տանելի պայմաններ։ Մնացած մոտ 90 աշխատակիցներին Ալավերդու գործարանում ընդգրկել ենք տարբեր օժանդակ աշխատանքներում և մի փոքր խումբ էլ նախատեսում ենք ներգրավել քաղաքում վերականգնողական, բարեկարգման աշխատանքներում։ Այնպես որ՝ այս պահի դրությամբ «Վալլեքս» խմբում դեռևս կրճատումներ չեն եղել։ Եղել է Ալավերդու հանքի և ֆաբրիկայի աշխատակիցների վերադասավորում։
-Եթե մոտ ապագայում միջազգային շուկայում մետաղի գները չկայունանան, ի՞նչ հեռանկար է սպասում Հայաստանի հանքարդյունաբերությանը։
-Ցանկացած հանքարդյունաբերող ձեռնարկություն նման ճգնաժամի երկարատև առկայության պարագայում անպայման խնդիրներ կունենա։ Այն հանքավայրերը, որոնցից կորզած արդյունքները չեն ապահովի գոնե զրոյական շահութաբերություն կամ փոքր վնասաբերության շեմ, անխուսափելիորեն կփակվեն։ Ցավոք, հանքարդյունաբերությունը տնտեսավարման այն ոլորտը չէ, որտեղ հնարավոր է երկարաժամկետ վնասներով աշխատանք իրականացնել, որովհետև այստեղ կատարվող ամենամսյա ծախսերը հասնում են միլիոնավոր դոլարների։ Բնութագրելու համար այսօրվա իրավիճակը՝ ասեմ, որ մենք համակ ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, քանի որ դրանից են կախված վաղվա մեր քայլերը։ Այսօր որևէ բան կանխատեսելը լուրջ չէ։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ